Աղբիւր՝ www.yerkir.am

 

Ինչպէս հաղորդում է Լ.Ղ.Հ.-ի Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտօնաթերթը՝

«Մարտակերտի շրջանի նախկին հրամանատարներն ու ազատամարտիկները մեկնեցին առաջնագիծ` տարբեր ուղղութիւններով:

Այսօր (շաբաթ) առաւօտեան Մարտակերտի շրջվարչակազմի շէնքի դիմաց հաւաքւել էին Արցախեան պատերազմի հրամանատարներ, ազատամարտիկներ, ընդհանուր թւով` մօտ 300 հոգի: Նրանք բաժանւել են խմբերի ու մեկնել դիրքեր:

Նրանց թւում են եղել Ա.Ա.Մ.-ի Մարտակերտի տարածքային կազմակերպութեան նախագահ Գրիգորի Միրզոյեանը, Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար, պահեստազօրի գեներալ Վլադիկ Խաչատրեանը եւ այլ ազատամարտիկներ:

Այս պահին նրանք գտնւում են առաջնագծում:  Համոզւած ենք, որ նրանք իրենց փորձով եւ խորհուրդներով շատ օգտակար կը լինեն մեր դիրքապահներին: Քանզի, դիրքեր մեկնած հրամանատարներն ու ազատամարտիկները նրանք են, ովքեր եւս իրենց գումարտակներով ազատագրեցին ողջ Մարտակերտի շրջանը, ովքեր շատ ուժեղ մարտավարական հնարքների են տիրապետում եւ ամէն մէկը կարողանում է վերացնել թշնամու մեծաքանակ զօրքերի: Այդ տղաներն ապացուցել են դա Արցախեան պատերազմի ժամանակ: Այսօր նրանք կրկին նետւեցին առաջնագիծ, նոյն ոգով»: